ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Մենք Մաքսային միությունում ի՞նչ ենք անելու»

«Մենք Մաքսային միությունում ի՞նչ ենք անելու»
13.09.2013 | 11:05

Ստրասբուրգից օրերս վերադարձած «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ ճեպազրույցում խոսեց նաև Հայաստանի հանդեպ ԵՄ պաշտոնյաների տրամադրվածության մասին:
-ԵՄ-Հայաստան համագործակցությունն ի՞նչ փոփոխությունների կենթարկվի, եթե հաշվի առնենք եվրապաշտոնյաների կտրուկ հայտարարությունները, թե Հայաստանը կորցրեց եվրաինտեգրման հնարավորությունը:
-Այս պահի դրությամբ, ցավոք, ասոցացման համաձայնագիրը չի կարող ստորագրվել առանց խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի: Ասվածի վկայությունն այն է, որ եվրոպացի պաշտոնյաները թե՛ կուլուարային, թե՛ հրապարակային հանդիպումներում հայտարարում էին` վերջ, Հայաստանի հետ չի ստորագրվելու: Բայց կա մի դրույթ, որի մասին ասել են և՛ եվրոպական հանձնաժողովը` իր հայտարարությամբ, և՛ Շտեֆան Ֆյուլեն: Խոսքն այն մասին է, թե Հայաստանն ինչ ձևաչափով է Մաքսային միության հետ համագործակցելու: Ֆյուլեն գտել է այդ սահմանագիծը` ասելով, որ Հայաստանը պետք է բավարարվի ՄՄ դիտորդի կարգավիճակով, այլ պարագայում ի հայտ է գալիս իրավական խնդիր, և ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումն ասոցացման համաձայնագրի շրջանակում անհնար է դառնում: Այս պահին ԵՄ-ը Հայաստանից ակնկալում է լսել, որ ՄՄ-ում լինելու է դիտորդի կարգավիճակով: Սա ստեղծված իրավիճակում կարող է լինել չարյաց փոքրագույնը, քանի որ, միևնույն է, Հայաստանը ՄՄ երկրների հետ չունի ընդհանուր սահման: Այս հանգամանքը պատճառաբանելով, Հայաստանը պիտի հայտարարի, որ սահմանափակվում է դիտորդ անդամ լինելով: Այս դեպքում միայն կշտկվեն որոշակի իրավական խնդիրներ, և Հայաստանին թույլ կտրվի ստորագրել ասոցացման համաձայնագիրը: Եթե Հայաստանը որոշի լիարժեք անդամակցել ՄՄ-ին, ինչպես ԵՄ պաշտոնյաներն են ասում, թող մոռանա, որ ԵՄ-ի հետ կստորագրի ասոցացման համաձայնագիրը` ներառյալ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը: Մինչ այս պահը Հայաստանը փորձում էր համոզել, որ ասոցացման համաձայնագիրը ստորագրվի առանց խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի: Սա եվրոպացիները մերժեցին և լիկբեզ արեցին Հայաստանին, որ հնարավոր չէ համաձայնագրի մի մասը ստորագրել, մյուսը` ոչ: Հիմա Հայաստանին մնում է մեկ բան` հստակեցնել իր հարաբերությունների շրջանակը Եվրասիական միության հետ: Քիչ հավանական եմ համարում, որ Սերժ Սարգսյանը հետ կվերցնի իր ստորագրությունն այդ հայտարարության «տակից», բայց Հայաստանը գոնե պարտավոր է արտաքին հարաբերությունների հաշվեկշռի պահպանության համար սահմաններ դնել ՄՄ-ի հետ իր հարաբերություններում:
-Եթե, այդուհանդերձ, Հայաստանը դառնա ՄՄ լիարժեք անդամ, ԵՄ-ի դռները փակվա՞ծ պիտի համարել:
-ԵՄ-ն ինչ-որ չափով կպահի քաղաքական հարաբերությունների բլոկը, գուցե նաև սոցիալական, քաղաքացիական հասարակությանն առնչվող ծրագրեր իրականացնի: ԵՄ-ը, իհարկե, չի կորցնի Հայաստան երկիրը, բայց մենք չենք ստանա այն, ինչ ասոցացման համաձայնագրին միանալու պարագայում, երբ քաղաքական, տնտեսական, ֆինանսական լուրջ աջակցություն էր լինելու:
-Եթե հակառակը տեղի ունենար, ու մենք ստորագրեինք ասոցացման համաձայնագիրը, Մաքսային միության հետ ոչ մի առնչություն չունենալով, կորուստներ չէի՞ն լինելու:
-Ասոցացման համաձայնագիրն իր իմաստը կկորցներ, եթե Վրաստան պետությունը չլիներ, ու նրա տարածքով ԵՄ-ի հետ ցամաքային հաղորդակցություն չստանայինք: Այս դեպքում էլ արդյունավետությունը շատ ցածր կլիներ: Այնինչ, Վրաստանը հստակ գնում է ԵՄ ասոցացմանը, ու եթե այդպես է, և այդ երկիրը կապ չի ապահովելու Ռուսաստանի հետ, ներեցեք, մենք ՄՄ-ում ի՞նչ ենք անելու:
-Հետաքրքիր է, որ Հայաստանում ոչ միայն իշխանության ներկայացուցիչներն են արդարացնում այս որոշումը, այլև ընդդիմադիրները` ի դեմս ՀՅԴ-ի:
-ՀՅԴ-ն համամիտ է իշխանության արտաքին քաղաքականությանը ու հերթական անգամ հրաժարվում է ընդդիմադիր լինելուց:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ